ԻԹՖ Թաեքվոնդոյի Հայաստանի բաց առաջնություն
Հունիսի 9-ին Երևանում կայացավ Հայաստանի «ՊՐՈՖ» ԻԹՖ թաեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեց 4-ից 36 տարեկան 162 մարզիկ-մարզուհի։ Մրցաշարն անցկացվեց 2 տարիքային խմբով՝ մինչև 18 տարեկան մարզիկներ (ընդհանուր 7 տարիքային խումբ) և 18-ից 36 տարեկաններ։ Առաջնության պատվավոր հյուրերն էին Արցախի հերոս Հայկ Սեխլիյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը և Արաբկիրի սպորտդպրոցի տնօրեն Էդվարդ Երանոսյանը։ Առաջնությանը խաղարկվեց մոտ 130 մեդալ, այդ թվում պարգևատրումների արժանացան 4-ից 6 տարեկան մարզիկները։
Ֆեդերացիան նման որոշում էր կայացրել երեխաներին շահագրգռելու համար, որպեսզի ավելի մեծ եռանդով մարզվեն և մրցաշարերի մասնակցեն։ «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ Գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի հովանավորությամբ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և նվերներով: Թիլերի մրցապայքարում իրենց լավագույնս են դրսևորել և ոսկե մեդալներ են նվաճել Դավիթ Քոչարյանը (6-11 տարիքային խումբ, դեղին-կանաչ գոտի), Աննա Ավագյանը (15-17 տարիքային խումբ, սև գոտի 1-ին դան), Գոռ Երոյանը (12-14 տարիքային խումբ, կարմիր-սև գոտի)։ Մրցաշարի ընթացքում տեղի ունեցան նաև պրոֆեսիոնալ մենամարտեր՝ միջազգային վարկանիշ ունեցող, միջազգային մրցաշարերի հաղթողների մասնակցությամբ։
Պրոֆեսիոնալ մենամարտերն անց են կացվել գործարար Էդգար Ավետիսյանի հովանավորությամբ։ Պրոֆեսիոնալ մենամարտերում հաղթող են դարձել մինչև 45 կգ քաշային Վլադիմիր Խաչատրյանը՝ 12-14 տարիքային խմբում և մինչև 75 կգ քաշային Կարեն Ներսեսյանը՝ 16-17 տարիքային խմբում։